27 հոկտեմբերի 2021 - 19:05 AMT
Փաշինյան․ ՀՀ սահմանը չի փոխվել, ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀ սահմանների մասին Արթուր Ղազինյանի հարցին, հայտարարել է, որ ՀՀ սահմանը չի փոխվել, ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։

«Մենք այսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչը չի նշանակում, թե 100%-ոց ճշգրիտ է։ Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել և ՀՀ-ն ելնում է այն սահմանից, որը նկարագրված է 2010-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում», որտեղ նկարագրված է, թե որտեղ է ավարտվում Հայաստանը և որտեղ է սկսվում Ադրբեջանը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այլ հարց է, որ սահմանը սահմանազատված և սահմանագծված չէ։

«Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են մեր սահմանը, մյուս հատվածներում մենք ունենք որոշակի ստատուս-քվո։ Չի փոխվել Հայաստանի Հանրապետության տարածքը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ հայ-վրացական սահմանին էլ կան հատվածներ, որոնք ճշգրտված չեն։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը, արձագանքելով, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել է վարչապետի հայտարարությանը, քանի որ առերևույթ առկա է «Պետական սահմանի մասին» օրենքի դրույթների խախտում։

Նա նշել է, որ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը» չի կարող հիմք հանդիսանալ պետական սահմանը գծելու համար։ «Պետական սահմանը «Պետական սահմանի մասին» օրենքով է սահմանվում, իսկ եթե որևէ հարևան պետության հետ չկա ճշգրտված սահման, պետության տարածքը հանդիսանում է այն տարածքը, որի վրա գտնվում են Հայաստանի զինված ուժերը»,-ասել է նա։