28 հոկտեմբերի 2021 - 11:10 AMT
ՀՀ նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին և Բահրեյնի թագավորին

Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Սարգսյանն ԱՄԷ-ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Արմեն Սարգսյանն Աբու Դաբի է մեկնել Սաուդյան Արաբիա պատմական այցից հետո, որտեղ այդ երկրի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future Investment Initiative) 5-րդ համաժողովի բացմանը։

Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովրդի միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար: