28 հոկտեմբերի 2021 - 13:49 AMT
Ավանեսյան․ Կորոնավիրուսով՝ թթվածնային կախվածությամբ 1500 հիվանդից միայն 5-ն է պատվաստված

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով պատվաստումների անհրաժեշտությանը, նշել է, որ կորոնավիրուսով թթվածնային կախվածությամբ 1500 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդից միայն 5-ն է պատվաստված։

Նա ասել է նաև, որ կորոնավիրուսով վարակված 30,433 քաղաքացուց պատվաստված է 1702-ը, իսկ հոսպիտալացված ավելի քան 3000 -ից՝ ընդամենը 96-ը։

Նախարարը կարևորել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ նշելով, որ այն երկրներում, որտեղ դրանց ցուցանիշը 70%-ից բարձր է, հոսպիտալացման ու մահացության ցուցանիշներն ավելի նվազ են աճում։

Նա նշել է, որ պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանված նաև հանգստյան օրերին և շաբաթ ու կիրակի ևս կարելի է պատվաստվել։

Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302,450 -ի: Մահվան 49 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6189 դեպք կա, այլ պատճառով՝ 1280: