28 հոկտեմբերի 2021 - 18:56 AMT
Հանեսյան․ Ամերիաբանկը որդեգրել է թվային տրանսֆորմացիայի գաղափարը

Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, խոսելով բանկի նվաճումների և նպատակների մասին, ասել է, որ Ամերիաբանկը որդեգրել է թվային տրանսֆորմացիայի գաղափարը։

Նա նշել է, որ բանկն արդեն մոտ 2 տարի է, ինչ աշխատում է տարբեր թվային լուծումների վրա, որոնք նպաստելու են հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը և բանկի առջև դրված նպատակներին հասնելուն։

«Իսկ բանկի առջև միջնաժամկետ առումով մի քանի նպատակ է դրված։ Առաջին հերթին պահպանել առաջատար դիրքերը ՀՀ բանկային շուկայում։ Կարևոր թիրախներն են նաև պորտֆելի դիվերսիֆիկացումն ու հաճախորդների բարձրորակ սպասարկումը»,-ասել է Հանեսյանը։

Խոսելով թվային լուծումների մասին՝ բանկի գլխավոր տնօրենը նշել է, որ բանկում գործում է Սմարթ հաշիվ, որը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձանց առցանց հաշիվ բացել՝ առանց բանկ այցելելու։ Հաճախորդին տրամադրվում է նաև միջազգային անվճար վճարային քարտ` անվճար առաքումով, և Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ, որի միջոցով 24/7 ռեժիմով վերջինս կարող է կառավարել իր հաշիվներն ու կատարել հասանելի գործարքներ:

Նա նշել է, որ Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ, որը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր)։

Նա տեղեկացրել է, որ գործում է նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորման էկոհամակարգ՝ փաստացի ամբողջությամբ թվայնացված վարկային ծրագիր է, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում մինչև 30 մլն դրամ վարկ 5 րոպեում (մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ հաստատվող վարկի դեպքում)։

Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար բիզնես քարտ և Օնլայն/Մոբայլ բանկինգ։

Հանեսյանը նշել է, որ հարթակը շարունակաբար կկատարելագործվի` առաջարկելով նոր լուծումներ ՓՄՁ-ների համար` ապահովելով բիզնես, ֆինանսական և ոչ ֆինանսական հնարավորությունների համապարփակ էկոհամակարգ:

Ամերիաբանկը ստեղծել է նաև միասնական հարթակ ավտոմեքենաների դիլերների մեծ ցանցի համար։ Ընտրելով մեքենան և նույն պահին ծանոթանալով վարկավորման պայմաններին` հաճախորդները կարող են անմիջապես պարզել, թե որքան վարկ կարող են ստանալ, այնուհետև այցելել ավտոսրահ:

Ամերիաբանկը ստեղծել է նաև ֆիզիկական անձանց առցանց վարկավորման, ինչպես նաև կառուցապատողների առաջարկների մեկ հարթակ։

Բանկի գլխավոր տնօրենը ներկայացրել է նաև ֆինանսական ցուցանիշները։ Նա նշել է, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով Ամերիաբանկն առաջատար է բոլոր ֆինանսական ցուցանիշներով, այդ թվում ակտիվների մեծությամբ, որը երրորդ եռամսյակի ավարտին կազմել է 1 տրիլիոն 90 մլրդ դրամ»։

2021-ի առաջին եռամսյակում Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում գերազանցել 1 տրիլիոն դոլարի ցուցանիշը։

Երրորդ եռամսյակի տվյալներով բանկն ունի 660 մլրդ դրամի վարկային ներդրում, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմում են մոտ 672 մլրդ դրամ, կապիտալը՝ 125 մլրդ դրամ, զուտ շահույթը՝ 14.5 մլրդ դրամ։ Հանեսյանը նշել է, որ այդ ցուցանիշներով ևս Ամերիաբանկն առաջատարն է բանկային համակարգում։

Իսկ բանկի կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է 16.6 %` այս ցուցանիշով բանկը 2-րդն է բանկային համակարգում։ Կանոնադրական կապիտալի գծով Բանկը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը (54 մլրդ ՀՀ դրամ):

Հանեսյանը տեղեկացրել է նաև, որ Ամերիաբանկը նաև բավականին ակտիվ է եղել կառավարության կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման հարցում՝ 40 մլրդ դրամ պորտֆելով 600 վարկ տրամադրելով։

2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով: