Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` կովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ կովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում:
«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացվել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է:
Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ բուժհիմնարկներում թթվածնի պակաս է զգացվում, խոսքը, մասնավորապես մարզերի բուժհաստատությունների մասին էր։