24 մարտի 2009 - 22:31 AMT
Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթի եզրափակիչ փուլը
Մարտի 24-ին ավարտվեց Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Դասական երաժշտություն» բնագավառի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթների շարքը: «Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ հիմնված մրցույթի առաջին օրից ողջ կազմակերպչական եւ համակարգման աշխատանքները կատարում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչությունը:

«Հիմնադրամը մեծապես կարեւորում է մշակութային ծրագրերը, եւ ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ շուրջ 3 անգամ ավելացել է մրցույթի համար դիմող երիտասարդների թիվը, իսկ դա արդեն լուրջ հիմք է նախագիծը հաջողված համարելու համար»,- նշում է Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

Կատարումներին հաջորդող ջերմ ծափողջույնները վկայում էին, որ եզրափակիչ փուլ էին անցել միայն արժանավորները, ինչը, ժյուրիի հավաստմամբ, դժվարացնում է վերջնական ընտրությունը:

Յոթ մասնակիցներն էլ (Աբրահամյան Գրիգոր, Այվազյան Հովհաննես, Գեւորգյան Թերեզա, Էքսուզյան Աստղիկ, Թորոսյան Հասմիկ, Հարությունյան Դիանա եւ Նշանյան Հովսեփ) մրցույթին ներկայացել էին միայն հաղթելու վճռականությամբ, իսկ ահա Հովհաննես Այվազյանն արդեն 4-րդ տարին է, որ մասնակցում է մրցույթին եւ նրա խոսքով ինքը դարձել է այս մրցույթի վետերան-մասնակիցն ու համոզված է, որ այս տարի մրցանակն իրենն է լինելու:

Ամենամյա մրցույթին մասնակցում են դասական երաժշտության, գրականության, կերպարվեստի եւ կինոյի բնագավառերի համար դիմած երիտասարդները: Հաղթողներն պատիվ ունեն անձամբ երկրի նախագահից ստանալ մրցանակները` վկայագրի, շքանշանի եւ 2500 դոլարին համարժեք դրամի տեսքով: Հաղթողների անունները հայտնի կդառնան մայիսի 15-ին: