Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան Վատիկանի բարձրագույն պարգևը` Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Պառան Հայաստանում է Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առթիվ:
«Հռոմի պապն ինձ պատվիրակել է Ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը: Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»,- ասել է Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը:
Նշվել է, որ նախագահ Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:
Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել. «Շատ ուրախ եմ, որ Սուրբ Աթոռն արդեն մշտական ներկայություն կունենա այստեղ: Դա լավ նորություն է Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու համար»:
Առանձնակի հպարտությամբ հիշելով 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը և կարևորելով մշակութային երկխոսության շարունակումը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորել նոր ցուցադրությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը: «Դա մեր պետությունների միջև հարաբերությունների մասին պատմելու ևս մեկ ճանապարհ կլինի, ինչպես նաև ապագայի մասին խոսելու առիթ»,- ասել է նախագահը:
Հայաստանի նախագահն իր ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել Ֆրանցիսկոս Պապին և երախտագիտությամբ նշել, որ Հայաստանի համար ծանր ու դժվարին մարտահրավերների փուլում Վատիկանը համերաշխության ձեռք է մեկնել մեր պետությանն ու ժողովրդին: «Մենք բոլորս հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Հռոմի Պապից ու Վատիկանից»,- ասել է նախագահ Սարգսյանը: