29 հոկտեմբերի 2021 - 17:46 AMT
ՀՀ դեսպանը և Իրանի քաղշիննախարարը քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի հարցը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին քննարկել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվել է նշյալ ծրագրերի իրականացումը։

Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և, ընդգծելով 2022-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագիրը՝ դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։

Հանդիպման վերջում նախարար Ղասեմին, փոխանցելով իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, շնորհակալություն է հայտնել դեսպան Թումանյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը և կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ Սեպտեմբերի 14-ից ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները։