«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլոր «մտահոգ մասնագետներին», թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում․
Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված մեկ ամսական երեխա է մահացել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: