29 հոկտեմբերի 2021 - 18:46 AMT
ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանը վայր է դնում մանդատը

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություն է հրապարակել դիմումի վերաբերյալ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: