ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, ասել է, որ Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է, իսկ Փելա սարում ոչ մի փոփոխություն չկա։
ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանն ԱԺ-ում էր 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկումներին մասնակցելու նպատակով։
«Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն (կանգնեցնում - խմբ․)»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Նա նաև վստահեցրել է, որ Փելա սարում ամեն ինչ նորմալ է։
«Ոչ մի փոփոխություն չկա Փելա սարում։ Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է։ Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք»,-ասել է նա։
Հարցերին, թե ինչպե՞ս է իրավիճակը Փելա սարում անփոփոխ, եթե, ըստ բազմաթիվ պնդումների, ռուսական զորակազմն իջել է բարձունքից և ինչպե՞ս է Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ, եթե ադրբեջանցիներն օրեր առաջ ՀՀ հերթական քաղաքացու ավտոմեքենան էին կանգնեցրել, հայհոյել ու հարվածել մեքենային՝ Հակոբյանը պատասխանել է մեկ նախադասությամբ ․ «Ես տեղյակ չեմ»։
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին, հայտարարել է, որ այդ հատվածում կանոնակարգում պետք է իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ «Այն հատվածը, որը որ ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս է, դա պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա: Պայմանավորվածություն կա, որ ճանապարհային միջադեպերի դեպքում է ոստիկանությունը զբաղվում»,-ասել է փոխոստիկանապետը: