25 մարտի 2009 - 11:06 AMT
Հայաստանում իրականացվում է մարզերում երիտասարդների ակտիվության բարձրացմանն ուղղված ծրագիր
2009թ. ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ ստորագրված մեկամյա պայմանագրի շրջանակներում իրականացվում է «Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագիրը: Ծրագիրը ենթադրում է մարզային երիտասարդական կենտրոնների միջեւ փորձի փոխանակում եւ քննարկումներ, այդ կենտրոնների անձնակազմի եւ մարզի երիտասարդության շրջանում հմտությունների ու կարողությունների զարգացում, մարզային երիտասարդության հզորացում:

Ծրագրի շրջանակներում հայտարարվել է փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որը կանցկացվի երեք փուլով: Առաջին փուլի համար մարզային 10 երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոններից ներկայացվել է 11 ծրագիր, որոնցից 7-ն ընտրվել են ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ու կենտրոնի աշխատակիցների կողմից ու ստացել ֆինանսավորում: Ծրագրերն ընտրելիս հաշվի են առնվում մի շարք չափանիշեր, այդ թվում` ռազմավարությանը համապատասխանելը, երիտասարդների ներգրավումը ծրագրի իրականացմանը, նորարարական եւ ստեղծագործական մոտեցումները եւ այլն: Առաջին փուլի արդյունքում ընտրված 7 ծրագրերի աշխատանքներն արդեն մեկնարկել են: Դրանց իրականացման ժամկետը մինչեւ ապրիլի 15-ն է:

«Մարզային երիտասարդական կենտրոնների ժողովրդավարական կառավարման համակարգի հզորացում» ծրագրի նպատակը մարզերի երիտասարդների խնդիրների լուծմանն աջակցելն է, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացումը, ինչպես նաեւ աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ դարձնելը: