Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում անդրադառնալով ՀԴՄ-ների ոլորտում տիրող վիճակին, հետաքրքվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանից՝ կարելի՞ է որոշում ընդունել, որ քաղաքացին, եթե առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու այդ պահին չունի ՀԴՄ, իր նկատմամբ վարչարարություն կիրառվի:
Ռուստամ Բադասյանը պատասխանել է, թե հնարավոր է նման բան, եթե իրենց բյուջեն 100 անգամ ավելի շատ լինի, գրում է Aysor.am-ը։
«Այսինքն՝ այսպիսի վարչարարություն իրականացնելը ենթադրում է, որ ՊԵԿ-ը մոտ 100,000 աշխատող պետք է ունենա, որ անի։ Հարց է առաջանում՝ առհասարակ, դա արդյունավե՞տ է, թե՞ չէ», - նշել է ՊԵԿ նախագահը։
Նա ասել է, թե դեպք է եղել, որ իրեն էլ ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։
«Շատ ակներև է, որ կա ստվեր, կա մեծ թվով վարչարարական խնդիր, բայց դա չի նշանակում, որ աճ չի գրանցվում», - նշել է Բադասյանը։