6 նոյեմբերի 2021 - 11:32 AMT
Մոսկվան պոպուլիզմ է որակել ԼՂ-ն ՀՀ-ից պոկելու ու ՀՀ-ն պրոտեկտորատ դարձնելու մասին խոսակցությունները

Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ստանալ։ Այդ մասին ասվում է 2020-ի նոյեմբերի 10-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերությունը բոլոր ուղղություններում։ Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ օգտագործման օգտին՝ փոփոխված տարածաշրջանային իրողությունները համարժեք հաշվի առնելու պայմաններում»,-ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ դիվանագիտական ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, թե, իբր, «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին «Լեռնային Ղարաբաղը պոկելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:

«Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, ակնհայտորեն արտաքին պատվեր են սպասարկում և ընդհանուր ոչ մի բան չունեն իրականության հետ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, այլ հիմնված են եղել շահերի հաշվարկված բալանսի վրա, նախատեսել են չափազանց հարգալից վերաբերմունք Երևանի և Բաքվի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։

«Մի շարք մեր նախաձեռնությունների շուրջ չի հաջողվել համաձայնության հասնել, ինչը նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետ իրականացվում է գործնականում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկին՝ դրա հետագա սահմանազատման նպատակով։ Նշվում է նաև, որ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ կարևոր դրույթ կա՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։

«Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` հաջորդող սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, կիսվել այլ երկրների հետ սահմանազատման իր հարուստ փորձով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է նաև, որ ռուս սահմանապահները ներկա են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում և կոչված են կանխելու և կասեցնելու կոնֆլիկտային իրավիճակներն ու կարգավորելու միջադեպերը։ «ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ գերատեսչությունների կոնտակտային անձինք շուրջօրյա շփման մեջ են»,-ասվում է հայտարարության մեջ։

Շեշտվում է նաև, որ Մոսկվան վճռական է շարունակելու աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով. «Վստահ ենք, որ բոլորի կողմից ճանաչված այս ձևաչափի ներուժն ամենևին սպառված չէ, որի վկայությունն է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը 2020-ի նոյեմբերից ի վեր։ Համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։ Նշվում է, որ 8 նիստերի արդյունքում զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը վերականգնելու համար անհրաժեշտ երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ երթուղիների նկարագրությամբ՝ դեպի հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցություններ ելքով, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և կներգրավի լրացուցիչ ներդրումներ։ «Այդ առումով Ռուսաստանի և Հայաստանի համար «Հյուսիս-Հարավ» միջազգային արտերիայի իրագործնման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս»,-ասվում է հայտարարության մեջ։

«Կարևոր է նաև, հատկապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԶԼՄ-ներում շրջանառվող իրավիճակի լույսի ներքո, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով անցնում են»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։