6 նոյեմբերի 2021 - 15:12 AMT
Պապիկյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընտրվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ: