9 նոյեմբերի 2021 - 10:56 AMT
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարվածներին

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց, հաշվառել բոլոր անհետ կորածներին, ապահովել բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, համապարփակ ականազերծել տարածքները և ապահովել հումանիտար կազմակերպությունների կապը կարիքավորների հետ։ Այդ մասին ասվում է 44-օրյա պատերազմում հրադադարի հայտարարության առաջին տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Նաև կոչ ենք անում հետաքննել մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագայի ապահովմանը նպաստելու հարցում։

Հայտարարության համաձայն, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ էրիկա Օլսոնն այժմ տարածաշրջանում է՝ քննարկելու երկկողմ հարցերը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հետ և ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։

«Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, գտնելու համար ԼՂ հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր կարևոր խնդիրների համապարփակ լուծումները»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով 2020թ․ նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը՝ պատանդառության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց