9 նոյեմբերի 2021 - 14:50 AMT
Շուշիի մոտ վիրավորված արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում

Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, որը նոյեմբերի 8-ին և 9-ի առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, հետևել վիրավորներից մեկի վիրահատության ընթացքին, հետաքրքրվել առողջական վիճակով:

Կովիդով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո։

Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը նոյեմբերի 8-ին ավարտվել է բարեհաջող և նոյեմբերի 9-ի առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ պարանոցի շրջանում և բազուկոսկրի հրազենային վիրավորում էր, վերին մեկ երրորդի բազամաբեկորային կոտրվածք, հայտնում է Արցախի ԱՆ-ն։

Մյուս 2 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա: Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման:

Նոյեմբերի 8-ին մոտավորապես 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ: