9 նոյեմբերի 2021 - 15:22 AMT
Պեսկով․ Նոյեմբերի 9-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների շփում չի նախատեսվում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի գծով պայմանավորվածությունների տարելիցի օրը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումներ նախատեսված չեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում են արդյոք շփումներ երեք երկրների ղեկավարների միջև պայմանավորվածությունների տարելիցի կապակցությամբ։

Նա նշել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներով և կանոնավոր կերպով:

«Ինչ վերաբերում է եռակողմ շփմանը, ապա եթե մի օր նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկայումս ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն չկա»,- հավելել է Պեսկովը։

Նա նաև հավելել է, որ 1 տարի առաջ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ չափազանց կարևոր են Երևանի և Բաքվի համար և այդ փաստաթղթերի նշանակությունը դժվար է գերագնահատել։

«Դուք գիտեք, որ ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները՝ ապահովելով անվտանգությունը, հրադադարի մշտադիտարկումը, փախստականների վերադարձը։ Ուստի ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար է գերագնահատել»,-ասել է Պեսկովը։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով 2020թ․ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

Photo. Ria Novosti