9 նոյեմբերի 2021 - 17:50 AMT
ՌԴ ԱԳՆ․ Ամեն կերպ նպաստելու ենք ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել 2020թ․ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ դա թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում անցումը խաղաղ կյանքին։ Նշվում է նաև, որ ՌԴ-ն ամեն կերպ նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Կարող ենք արձանագրել, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի hայտարարության մեջ ֆիքսված դրույթները հիմնականում կատարվում են։ Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են հավատարմությունը դրա հետագա իրագործմանը և բոլոր դրույթների կատարմանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահների զորակազմը զգալի ավանդ ունի իրավիճակի կայունացման մեջ և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։ Դա գնահատում են նաև մեր ադրբեջանցի և հայ գործընկերները։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ 2020թ․ դեկտեմբերի 2-ից ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 ռազմագերի և պահվող անձ։ Հայաստան է վերադարձել 105-ը, Ադրբեջան՝ 17-ը։ Ադրբեջանական կողմին է փոխանցվել ականապատ դաշտերի քարտեզների 3 փաթեթ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ խաղաղապահներն ակտիվորեն մասնակցում են խաղաղ կյանքի հաստատմանը։ Տարածաշրջան է հասցվում հումանիտար օգնություն ականազերծվում են տարածքներ, իրենց տներ է վերադարձել մոտ 53,000 փախստական։

«Շարունակում ենք ջանքեր գործադրել մյուս մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման նպատակով, այդ թվում՝ բոլոր պահվող անձանց ազատ արձակում, օժանդակություն անհետ կորածների ճակատագրերը պարզելուն, զոհվածների դիերի փոխանցում և ականապատ դաշտերի հավաստի քարտեզների տրամադրում ամբողջ ծավալով։ Հրատապ է նաև մշակութային, կրոնական և պատմական ժառանգության օբյեկտների պահպանության ապահովումը։ Մտադիր ենք գործընկերների հետ համատեղ հետևողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձևակերպված են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2021-ի հունվարի 11-ի հայտարարության մեջ։

Կարևորում ենք շահերի բալանսի վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ գործարկումը, ինչը կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժի դրսևորմանը։

Կարևորում ենք ադրբեջանա-հայկական պետական սահմանին լարվածության նվազեցումը և սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը՝ հետագա սահմանագծմամբ։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն», - ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով ջանքերի շարունակումը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում։ Ըստ հայտարարության, պահանջված է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների աջակցությունը։

«Ամեն կերպ նպաստելու ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սատարելու ենք խաղաղ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովմանը, նպաստել երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։

«Պատրաստ ենք աջակցել երկխոսությանը ՀՀ և Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ մասնակցույամբ, վստահության մթնոլորտ ձևավորելու համար ադրբեջանական և հայ ժողովրդների միջև։

«Հանդես ենք գալիս Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորման, փոխշահավետ տարածաշրջանային համագործակցության զարգացման օգտին», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։