10 նոյեմբերի 2021 - 17:48 AMT
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը

Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասել են, որ դա բացարձակ սուտ է, տեղեկացնում է Արմենպրեսը։

ՊՆ-ից հայտնել են, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները Սև լճի հատվածում փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Այդ մասին հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։