11 նոյեմբերի 2021 - 14:30 AMT
Գրիգորյան․ Գորիս-Կապանի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով Գորիս-Կապան ճանապարհին գիշերվանից ստեղծված նոր իրավիճակը։

«ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում էին, օրինակ, Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումն Ադրբեջանի կողմից, այսպես ասած`շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են նույն տրամաբանությամբ ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի»,– ասել է Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՀՀ իշխանությունների համար, նրա խոսքով, այդ պահանջն անընդունելի է եղել, ուստի որոշում է կայացվել չունենալ միջանցքային տրամաբանությամբ որևէ գործարք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի ծանուցումից հետո, թե իրենք պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից, իրենք որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր ճանապարհով։