ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանությունը չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Գորիս-Կապան ճանապարհը թեկուզ որոշ ժամանակահատվածում մնա ՀՀ վերահսկողության տակ, ասել է, որ նման պայմանավորվածություն եղել է։
«Պայմանավորվածություն եղել է այն տրամաբանությամբ, որ մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը, կարողանանք օգտվել այդ ճանապարհից։ Իհարկե, այս ընթացքում որոշ խոչընդոտներ ստեղծվել են, բայց մինչև երեկ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործել են», - ասել է նա։
Գրիգորյանը նշել է, որ պայմանավորվածությունը եղել է միայն նրա շուրջ, որ հայկական կողմը կարողանա օգտագործել Գորիս-Կապան ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք։
Ավելի վաղ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի լույս 11-ի գիշերը մաքսակետեր կտեղադրի։
Նոյեմբերի 11-ին կառավարության նիստից հետո Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։ Նա նաև նշել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ գործարք չի լինելու։