12 նոյեմբերի 2021 - 13:48 AMT
ԱԽ քարտուղար․ Եթե ադրբեջանցիները միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա Խնձորեսկի ճանապարհն արդյունավետ կլինի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրայինի եթերում անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասել է, որ եթե ադրբեջանցիները միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ կարող է լինել Խնձորեսկ-Բիչենեկ ճանապարհը։

Նա նշել է, որ քաղաքական որոշում է պետք՝ հստակեցնելու համար, թե որ ճանապարհները կամ որ մուտքերն ենք օգտագործելու ապաշրջափակման համար՝ որպեսզի Ադրբեջանի տարածքով կապվենք Ռուսաստանի կամ այլ երկրի հետ, իսկ Ադրբեջանն օգտագործի մեր տարածքը:

«Եթե հստակ է, որ նրանք միայն Նախիջևան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինի Խնձորեսկից Բիչենեկ տանողը, ադրբեջանցիները կարող են օգտագործել այդ ճանապարհը։ Մենք էլ նույնպես Խնձորեսկից դուրս գանք, շարժվենք դեպի Հորադիզ, Հորադիզից՝ դեպի որ կողմ ցանկանանք», - ասել է Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի, քանի որ կա այլընտրանաքային ճանապարհ, Գորիս-Կապան ավտոճանապարհն օգտագործելու տրամաբանություն չկա։ Նա նշել է, որ եթե նման անհրաժեշտություն առաջանա, «ադրբեջանական կողմը Հայաստանին կիրազեկի, թե ինչ գործընթաց պետք է տեղի ունենա այդ դեպքում»:

Նա հավելել է, որ այդ հարցերը հիմա քննարկվում են։

Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, նաև ասել է, թե իշխանությունը չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Գորիս-Կապան ճանապարհը թեկուզ որոշ ժամանակահատվածում մնա ՀՀ վերահսկողության տակ, ասել է, որ նման պայմանավորվածություն եղել է։ «Պայմանավորվածություն եղել է այն տրամաբանությամբ, որ մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը, կարողանանք օգտվել այդ ճանապարհից», - ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի լույս 11-ի գիշերը մաքսակետեր կտեղադրի։

Նոյեմբերի 11-ին կառավարության նիստից հետո Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Գորիս–Կապան ճանապարհի դիմաց Ադրբեջանը միջանցք է պահանջել դեպի Նախիջևան։ Նա նաև նշել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ գործարք չի լինելու։