25 մարտի 2009 - 20:44 AMT
Աշոտ Ավանեսյանն ընտրվել է Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների խորհրդի ղեկավար
Ուկրաինայի ազգերի եւ կրոնների գործով Պետական հանձնաժողովի կազմում համաուկրաինական ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների խորհրդի ղեկավար է ընտրվել Աշոտ Ավանեսյանը:

Աշոտ Ավանեսյանը հանդիսանում է «Ուկրաինայի հայերի միության» ստեղծման նախաձեռնողն ու կազմակերպիչը: 2001թ. հուլիսի 1-ին ընտրվել է Ուկրաինայի հայերի միության առաջին նախագահ: Հանդիսանում է Ուկրաինայի նախագահի էթնո-ազգային քաղաքականության հարցերով Խորհրդի անդամ: 2007թ. սկզբին ընտրվել է Ազգային-մշակութային հանրությունների խորհրդի նախագահ: Ուկրաինայի Վաստակավոր աշխատող է; ակադեմիկոս, Հավաքական անվտանգության գիտությունների Համաշխարհային Ակիադեմիայի գործող անդամ է: Երկու անգամ իր թեկնածությունն է դրել Ուկրաինայի Բարձրագույն Ռադա (2002թ., 2006թ.):

1986թ.-ից եւ մինչ օրս ակտիվ գործունեություն է ծավալում, որն ուղղված է Ուկրաինայի հայկական մշակույթի եւ ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանմանը: Գիտական հոդվածների եւ ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացման ու միջէթնիկական հարաբերությունների մասին հոդվֆածների հեղինակ է: Ա.Ավանեսյանը «Ուկրաինայի հայկական համայնքը» գրքի հեղինակն է, ստեղծել է «Սասունցի Դավթի հետնորդները» փաստագրական ֆիլմը եւ հեղինակել եւ ղեկավարել «Հայկական ավետաբեր» ամսաթերթի նախագիծը:

Աշոտ Ավանեսյանի արգասաբեր աշխատանքը նշվել է Ուկրաինայի պետական, եկեղեցական, կազակական եւ ռիցարական պարգեւներով, հաղորդում է Analitika.at.ua: