13 նոյեմբերի 2021 - 15:24 AMT
Սաղաթելյանն ու Բալասանյանն Արցախում քննարկել են անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Արցախ եռօրյա այցի շրջանակում հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ` նրանք քննարկել են Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Այդ մասին ֆեյսբության իր էջում հայտնել է Իշխան Սաղաթելյանը։

«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին։ Քննարկել ենք առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,– ասվում է գրառման մեջ։

Սաղաթելյանն Արցախում հանդիպումներ է ունեցել նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ, խոսել երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: Երկուստեք կարևորել են Հայաստան -Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը, անդրադարձել պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: