13 նոյեմբերի 2021 - 16:06 AMT
Տիգրան Աբրահամյան․ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա։ Այդ մասին ան գրել է ֆեյսբույան իր էջում՝ անդրադառնալով նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպին։

Ավելի վաղ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում՝ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր։ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։

«Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում դեպքի վերաբերյալ, արդեն իսկ հայտնի իրողություններից բացի այլ բան չկար։ Իհարկե թեմային առնչվող որոշ հանգամանքներ պաշտոնապես հաստատելն արդեն կարևոր է։

Բայց կար շատ կարևոր ձևակերպում՝ «ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում»։

Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ, օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Ավելի վաղ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել էր գյուղաշխատանքներ կատարող տրակտորիստը։