15 նոյեմբերի 2021 - 10:47 AMT
Կապանում հաղթել է Փարսյանը, Իջևանում և Ստեփանավանում՝ ՔՊ-ն

Սյունիքի Կապան խոշորացված համայնքում նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների, մեծ առավելությամբ հաղթել է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած քաղաքական ուժը՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությանը։

Ուժին կողմ է քվեարկել 13,962 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 5791։ 331 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում էր ՔՊ-կան պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Իջևանում և Ստեփանավանում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակն Իջևանում գլխավորում էր գործող քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իսկ Ստեփանավանում՝ գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանը։

Իջևանում ՔՊ-ն ստացել է 10,003 քվե, ՀՅԴ-ն՝ 964 ձայն։

Ստեփանավանում ՔՊ-ն ստացել է 4004 քվե, ԲՀԿ-ն՝ 705 քվե, ՀԱԿ-ը` 218։

Նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: