15 նոյեմբերի 2021 - 13:26 AMT
Կլաարը մտահոգված է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառները և աշխատանք սկսել համապարփակ կարգավորման ուղղությամբ», - ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ, նշել են ՊՆ-ից:

Նոյեմբերի 14-ի՝ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Նշվել է նաև, որ սոցիալական ցանցերում նոյեմբերի 14-ին տարածվող տեղեկությունները, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սահմանային հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։