15 նոյեմբերի 2021 - 18:48 AMT
Սիսիանի նախկին քաղաքապետը կրկին կկալանավորվի

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը կրկին կկալանավորվի: Դաշինքի մեկ այլ պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը:

Սարգսյանն ազատ էր արձակվել հոկտեմբերի 15-ին: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել էր 20 մլն դրամի չափով գրավ:

Արթուր Սարգսյանը կալանավորվել էր ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով::