16 նոյեմբերի 2021 - 14:58 AMT
Գրիգորյանն ու Կոպիրկինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:

Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռք բերված համաձայնության ամբողջական իրականացումը, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:

Ավելի վաղ Անվտանգության խորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, թե նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրք հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: