ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
«Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։