16 նոյեմբերի 2021 - 19:56 AMT
Նախագահն ու վարչապետը քննարկել են Ադրբեջանի հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները:

Հանրապետության նախագահի աշխատակազմը ևս մշտական կապի մեջ է համապատասխան իրավասու մարմինների ղեկավարների հետ։

Նկատի ունենալով Սարգսյանի՝ նախօրոք ծրագրված մասնակցությունը Սինգապուրում կայանալիք The Bloomberg New Economy միջազգային հեղինակավոր համաժողովին, նպատակահարմար է համարվել, որ նախագահը, օգտագործելով նաև միջազգային այդ ազդեցիկ հարթակը, համաժողովի շրջանակում ներկայացնի Հայաստանի սահմաններին ստեղծված մտահոգիչ իրավիճակը, անդրադառնա ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին:

Համաժողովին մասնակցելու են համաշխարհային առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ու կորպորացիաների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներ:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է: