16 նոյեմբերի 2021 - 21:32 AMT
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմից ևս մանրամասնել են հեռախոսազրույցի մասին: Նշվում է, որ Փաշինյանը հանգամանալից ներկայացրել է սահմանին վերջին զարգացումները: Նա ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:

Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։

Հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ ՀՀ ԶՈւ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է: