17 նոյեմբերի 2021 - 12:54 AMT
ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ ուշադրությունն է հրավիրել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա

Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդում ելույթում ԱԽ ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա։

Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» խորագրով հանդիպմանը։

Մարգարյանը նշել է, որ դրանով Ադրբեջանը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։