Հայաստանի արևելյան սահմանագոտու հայկական դիրքերի վրա Ադրբեջանի ԶՈւ հարձակման արդյունքում Ադրբեջանը հայտնել է 7 զոհի և 10 վիրավորի մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սպանված զինծառայողների անունները։
Ադրբեջանական կողմից զոհվածների թվում են լեյտենանտ Նաֆթալիև Ումուդ Օրուջ օղլուն, ենթասպա Ջաբարով Օրհան Գաթամ օղլուն, ժամկետային ենթասպա Ալիև Նաթիգ Յուսուֆ օղլուն, մյուսները շարքայիններ են, գրում է Haqqin.az-ը։
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։