17 նոյեմբերի 2021 - 14:47 AMT
Տողանյան․ Չի բացառվում, որ Երևանն օգնության համար դիմի ՀԱՊԿ-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ, չնայած իրավիճակի կայունացմանը ՀՀ և Ադրբեջանի սահմանագոտում, չի բացառվում, որ Երևանը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բարդ է ասել՝ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը. ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ-ն մտադիր է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, թե կայունացումից հետո դրա անհրաժեշտությունն այլևս չկա։

Դեսպանը դրական է պատասխանել հստակեցնող հարցին, թե արդյոք ոչ մի զարգացում չի բացառվում։

«Այո»,- ասել է նա։

«Իրավիճակը կայունացել է այս պահի դրությամբ»,-ասել է Տոնոյանը։

Դեսպանը հավելել է, որ Երևանը շարունակում է շփումները Մոսկվայի հետ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի մասով, այդ թվում գերիների վերադարձին աջակցելու հարցում։

«Բանակցություններ են ընթանում։ Այդ հարցը դրված է, և մենք խոսում ենք այդ մասին»,-ասել է նա՝ պատասխանելով գերեվարված ՀՀ քաղաքացիների վերադարձին աջակցելու մասին հարցին։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։