18 նոյեմբերի 2021 - 10:32 AMT
ՄԻՊ-ը ԿԽՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է գերիների հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ հեռախոսազրույցում քննարկել է գերիների հարցը: Այդ մասին Թաթոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։