18 նոյեմբերի 2021 - 13:11 AMT
ԵԱՀԿ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև հրադադարը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Խոսել եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ եմ արել: Խորապես ցավում եմ զոհերի համար:

Վերահաստատել եմ աջակցությունս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու իմ անձնական ներկայացուցչի միջոցով գործընթացի շարունակմանը»,- գրել է Լինդեն:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։