19 նոյեմբերի 2021 - 13:44 AMT
Պատարան Ստեփանակերտին ջրով կսնուցի 2022-ին, ջրամբարը պատրաստ կլինի 2025-ին

Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին լրացուցիչ քանակի սնուցման նպատակով Պատարա գետի վրա ջրընդունիչ հանգույցի և 22 կմ ջրագծի կառուցման աշխատանքները սկսված են: Այս մասին այտնել են Արցախի նախագահի աշխատակազմից` կցելով Արցախի ջրային կոմիտեի պատասխանը, տեղեկացնում է CivilNet-ը։

Նախատեսվում է, որ դրանք կավարտվեն 2022-ի հուլիսին։

Պատարայի ջրամբարի նախագծանախահաշվարկային փաստաթղթերը Արցախի ջրային կոմիտեն արդեն պատվիրել է, նախատեսված է, որ ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտեն 2025-ի գարնանը։

Ամռանը երաշտի պատճառով Ստեփանակերտի մի շարք թաղամասեր ջրազրկվել էին։ Այդ իսկ պատճառով արդիական է դարձել Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցումը։

Արցախցի գյուղատնտես Արման Մարտիրոսյանը CivilNet-ի հետ զրույցում ասել է, որ 5 մլն խմ տարողությամբ Պատարայի ջրամբարի կառուցումը մեծ խթան կլինի այգեգործության, բանջարաբուծության, ինչպես նաև հացահատիկի մշակման համաև․ «Ինչքան էլ փորձենք գյուղատնտեսությամբ զբաղվել, մեծ ջանքեր գործադրել, առանց ջուր չկա կյանք, չկա գյուղատնտեսություն»։

2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնության արդյունքում Արցախը կորցրել է ջրային պաշարների զգալի մասը։