19 նոյեմբերի 2021 - 14:29 AMT
Իրանի դեսպանատուն․ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի համաձայնագիրը կարող է հաստատվել Սոֆիայի հանդիպմանը

Իրանի նախաձեռնած Պարսից ծոց – Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագիրը, որին մասնակցում է նաև Հայաստանը, կարող է հաստատվել մասնակից երկրների՝ Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում: Այդ մասին Արմենպրեսին հայտնել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։

Դեսպանության հաղորդմամբ՝ Երևանում կայացած 5-րդ հանդիպման ընթացքում կողմերը կամք են դրսևորել համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, և կառուցողական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նախագծի տեքստում մնացած որոշ կետերի առաջադրանքների վերաբերյալ։

Սա միջազգային խոշոր նախագիծ է, որի նպատակը Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները տնտեսապես իրար կապելն է:

«Բարեբախտաբար, Հայաստանում նույնպես կառավարությունը լրջորեն հետամուտ է լինում Հայաստանի տարածքում Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցմանը։ Այս ճանապարհը Պարսից ծոց – Սև ծով միջանցքում շատ կարևոր կապող օղակ կլինի և զգալիորեն կբարձրացնի հայկական երթուղու գրավչությունը: Թվում է, թե որքան բարեկարգ լինի ցամաքային միջանցքի երթուղին, այնքան մեծ կլինի այլ երկրների պատրաստակամությունը այս երթուղուց օգտվելու, ինչպես նաև ծովային հատվածում մեծ հնարավորություններ ստեղծելու, այդ թվում՝ Սև ծովում բեռնանավերի շահագործման ուղղությամբ», - հայտնել են Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից:

Դեսպանությունն ընդգծել է նաև, որ Պարսից ծոց – Սև ծով տարանցիկ միջանցքը նախատեսված է անդամ երկրների միջև փոխադրումները զարգացնելու և հարաբերական առավելությունները օգտագործելու համար:

Ըստ դեսպանատան՝ այս նախագծի գործարկմամբ Եվրոպայի հետ Ասիայի առևտրային փոխանակումների տեմպերը կավելանան միջանցքի տնտեսական արդյունավետության ու անվտանգության շնորհիվ:

Իրանը Պարսից ծոց – Սև ծով տարանցիկ միջանցքի գաղափարն առաջ է քաշել դեռևս 2016 թվականին: Դեռ այն ժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ծրագրում ընդգրկված են լինելու Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունները, և դեպի Սև ծով տանող տարանցիկ ճանապարհներից մեկը կարող է լինել Հայաստանը: Սակայն մասնակից երկրների ներկայացուցիչների աշխատանքային վերջին հանդիպումներից և տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցած հայտնի զարգացումներից պարզ դարձավ, որ Ադրբեջանը դուրս է մնում նախագծից: Փոխարենը ծրագրին ակտիվորեն մասնակցում է ՀՀ-ն։