19 նոյեմբերի 2021 - 16:35 AMT
Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան

Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ Արցախի ԱՆ-ն ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը:

Վերջին 8 ամսում արտամարմնային բեղմնավորման է ուղեգրվել 52 զույգ, որից 39-ի մոտ արդեն կատարվել է բեղմնավորում, 17-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) հերթագրված են տասնյակ զույգեր, որոնք նույնպես պատրաստվում են արտամարմնային բեղմնավորման:

Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ ռեպրոդուկտոլոգիայի կաբինետը գրանցել է 8900 այց:

«Արտամարմնային բեղմնավորմամբ առաջնեկի ծնունդով ազդարարվեց Արցախում ծրագրի հաջող ընթացքը՝ արձանագրելով տեղի բժշիկների մասնագիտական կարողություններն ու հաջողությունները», - ասվում է հաղորդագրության մեջ։