19 նոյեմբերի 2021 - 18:32 AMT
Ադրբեջանն Իշխանասարի մոտ զոհված ևս 3 հայ զինծառայողի դի է փոխանցել

Նոյեմբերի 18-ի ուշ երեկոյան Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, Արցախի ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված ևս 3 հայ զինծառայողի մարմին:

Նախնական տվյալներով, մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության մարմինները նոյեմբերի 19-ին տեղափոխել է Երևան:

Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։