19 նոյեմբերի 2021 - 18:51 AMT
Աղաջանյանը՝ ֆրանսիական ալիքին․ «Զանգեզուրի միջանցք» ասվածն Ադրբեջանի իշխանության հորինվածքն է

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ֆրանսիական TV5MONDE հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Լրագրողի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցին ի պատասխան՝ Աղաջանյանն արձանագրել է, որ նման ձևակերպում երբեք չի եղել և չկա եռակողմ հայտարարություններից և ոչ մեկում և, որ այն ամբողջությամբ հանդիսանում է Ադրբեջանի գործող իշխանությունների հորինվածքը։

Աղաջանյանն ասել է նաև, որ Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, այդ թվում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը։

Պատգամավորը նշել է, որ, ի թիվս այլ հանգամանքների, Ադրբեջանի սանձարձակ գործողությունները պայմանավորված են միջազգային հանրության կողմից ցուցաբերվող անտարբերության, ինչպես նաև Հայաստանի միջազգային գործընկերների կողմից նման դեպքերում հաճախ ընդհանրական և երկու կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարություններով, հայտնում է Aysor.am-ը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։