Պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում Հակակոռուպցիոն կոմիտե որպես մեղադրյալ։
«Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․ Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։
Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…
Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։
Հ․Գ․ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու»,- ասվում է գրառման մեջ։
Դեռևս 2018թ․ գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք է տվել. նա հավելել է, որ դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին։