22 նոյեմբերի 2021 - 13:49 AMT
Հանրապետության հրապարակից քայլերթ կիրականացվի դեպի նախագահական և Աժ

Ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքի մասնակիցները քայլերթ կիրականացնեն դեպի նախագահական և Ազգային ժողով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքական, հասարակական գործիչ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

«Այսօրվա հավաքը սկսում ենք ժամը 14:00 Հանրապետության հրապարակից, ապա նույն պահանջով գնալով նախագահական և Աժ, վերադառնում ենք Հանրապետության հրապարակ՝ համահավաքի։ Մեզ կարող եք միանալ ժամը 14-ից սկսած»,- ասվում է գրառման մեջ։

Մինչ այդ Տոնոյանը մեկ այլ գրառմամբ կոչ էր արել ժամը 14:00-17:00 հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «պաշտպանելու Երկիր ունենալու իրավունքը» և կանխելու «Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Նոյեմբերի 18-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սահմանազատման և սահմանագծման մասով առաջարկություններ է ներկայացրել, որոնք, ըստ նրա, ընդունելի են հայկական կողմի համար։ Նա հանձնարարել է պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին ճշգրտել մանրամասները ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ և «փորձել իրագործել»։