22 նոյեմբերի 2021 - 15:23 AMT
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինվորների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։

Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։