22 նոյեմբերի 2021 - 19:04 AMT
Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին զարգացումները»

Թուրքիայի կառավարության նիստում քննարկվելու են «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումները», հայտնում է Ermenihaber-ը՝ թուրքական պետական TRT լրատվականին հղումով։

Նիստն անցնելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Ըստ սկզբնաղբյուրի, նիստում քննարկելու են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում տիրող իրավիճակը: Նշվում է նաև՝ սպասվում է, որ օրակարգում լինելու է նաև «Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած զարգացումների» թեման:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։