23 նոյեմբերի 2021 - 13:27 AMT
Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չի ընտրվել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Ղազինյանը հերթական՝ 13-րդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Իշխանական խմբակցության անդամները հերթական անգամ դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը վիճաբանությունից հետո հեռացել էին նիստից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ իշխանական պատգամավորները կեղծ տեղեկություններ են տարածում ընդդիմության թեկնածուի հասցեին, որին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է, թե սուտ է ասում։

Այնուհետև իրավիճակն էլ ավելի է բորբոքվեկ, երբ Մինասյանը հայտարարել է, որ Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` դուք դատվելու եք, և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,-ասել է Մինասյանը։

Ըստ Դոնթի բանաձևի, պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։