23 նոյեմբերի 2021 - 16:40 AMT
«Հայաստանը» ԱԺ-ում լսումներ է նախաձեռնել սահմանազատման և սահմանագծման թեմայով

«Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել սահմանազատման և սահմանագծման թեմայով։ Այդ մասին ասվում է խմբակցության հայտարարության մեջ։

Նշվում է, որ օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև։

«Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը:

Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն իշխանության հանգամանքով պայմանավորված, «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ», - ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել 3 առաջարկությունով, որոնք ընդունելի են հայկական կողմի համար։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելել է, որ Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է առաջարկին։

Նրա խոսքով` այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի, ՀՀ–ն կսկսի հանձնաժողովի ձևավորման աշխատանքը և հետո կանցնի բուն աշխատանքներին։