23 նոյեմբերի 2021 - 18:28 AMT
ՀՀ-ն հաստատել է մասնակցությունը Սոչիի եռակողմ հանդիպմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հաստատել է՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

Տեղեկությունը հայտնել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Հաստատում ենք, որ տեղի է ունենալու նախ եռակողմ հանդիպում, ապա Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է նա։

Հարցին՝ արդյոք Կրեմլի հաղորդած օրակարգը նույնն է, Խաչատրյանը նշել է, որ օրակարգի հետ կապված մեկնաբանություն այս պահին չունի։

Նոյեմբերի 26-ին Սոչիում սպասվող եռակողմ հանդիպման մասին հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։

Նախատեսված են նաև Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումը տեղի կունենա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում։

Մինչ այդ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում էր սպասվում, որն, ըստ Կրեմլի, հեռավար էր անցնելու, սակայն այն չկայացավ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն էր հայտնել, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա, ինչի համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը։